ԳՈՐԾԵՑԻ´ՆՔ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԳՈՐԾԵՑԻ´ՆՔ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

«Ծանոթություն հայրենի բնաշխարհին և տնտեսությանը»  ծրագրի շրջանակներում հունիսի 16-ին Եվրասիա վարժարանի 10 և 11-րդ դասարանի աշակերտները իրենց ուսուցիչների հետ ուղևորվեցին Գեղարքունիքի մարզ՝ Սևան:

Հասնելով Սևան՝ աշակերտները բարձրացան կղզի, այցելեցին Սևանի գեղաքանդակ խաչքարերով վանական համալիրը, որտեղ ծանոթացան վանքի պատմությանը: Նրանք նախապես կատարած ինքնուրույն հետազոտության արդյունքում հարուստ տեղեկատվություն էին հավաքել վանքի մասին, որը և ներկայացրին իրենց ընկերներին՝ գործնականորեն օգտագործելով ուսուցման նախագծային մեթոդը:

Աշակերտների  ձեռք բերած տեղեկությունները հարստացան հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Ս. Նահապետյանի ու եկեղեցու սպասավորի ներկայացրած փաստերի և ավանդապատումների շնորհիվ:

Ծանոթանալով Սևանավանքի պատմությանը՝ խումբը ուղևորվեց Սևան- Հրազդան կասկադի առաջին հիդրոէլեկտրակայանը՝ Սևան ՀԷԿ-ը:

Շենքի մեքենայական սրահում տեղի աշխատակիցները աշակերտներին մանրամասն ներկայացրին կայանի ջրընդունիչ կառույցների, տուրբինային ջրատարի գործունեությունը:

Այցելելով ՀԷԿ և ծանոթանալով նրա գործունեությանը՝ աշակերտները ձեռք բերեցին նոր գիտելիք՝ հասկանալով և կարևորելով տնտեսության մեջ ՀԷԿ-ի, որպես էլեկտրաէներգիայի արտադրության աղբյուրի, կարևոր դերն ու նշանակությունը:

Ստորև ուղևորությունը ներկայացնում են աշակերտները. «Անժխտելի է այն կարևորագույն փաստը,որ նպատակային էքսկուրսիաները օգնում են մեզ`աշակերտներիս,ոչ միայն ձեռք բերել գիտելիքի նոր պաշար,այլև նպաստում  են բարեկիրթ, օրինակելի պահվածքի դաստիարակմանը,զարգացնում են շփվելու և հմտություն ձեռք բերելու կարողությունները: Ահա այս ամենը գիտակցելով` Եվրասիա վարժարանի 10-րդ դասարանը ծրագրեց և իրականացրեց հետաքրքիր էքսկուրսիա դեպի Սևանա լիճ: Ճանապարհին բոլորը ուրախ էին և տրամադրված վայելելու սպասվող հետաքրքիր օրը: Չնայած եղանակը Սևանում անձրևոտ էր,սակայն դա չխանգարեց մեր բարձր տրամադրությանը: Այցելեցինք տեղի եկեղեցին,կատարեցինք մեր պարտքը, բարձունքից դիտեցինք չքնաղ Սևանը:

Սևանում, ինչպես միշտ, օրը ողողված էր արևի և անձրևի երանգներով: Օրվա վերջում այցելեցինք նաև Սևանհէկ,որը գտնվում էր Սևան քաղաքում: Այս եզակի կառույցը կարծես մի կախարդական վայր լիներ : Այնտեղ մեզ ասացին, որ 50 մ անցնելու ենք սարի տակ և մոտ 200 մ խորությամբ էլ իջնելու ներքև: Քայլելով թունելով`մենք մի պահ պատկերացրեցինք, թե կյանքի մութ ճանապարհն արդեն անցանք` հասնելով լույսին: Տեղում մեզ բացատրեցին ամեն մի մեխանիզմի կարևորությունը: Պատմեցին,թե ինչ դեր ունեն դրանք և ինչ կարող է պատահել դրանց անսարքությունից : Քիչ հետո մեզ հայտնեցին,որ վերելակի հետ կապված խնդիր կա, և մենք պետք է այդ 200 մ-ը բարձրանայինք աստիճանավանդակով ոտքով: Ոչ ոք չէր պատկերացնում,թե ինչ դժվար է բարձրանալ այդ 200 մ-անոց աստիճանները: Մի կերպ բարձրանալով` կանգնեցինք և փորձեցինք կարգի բերել շնչառությունը: Չնայած այսքան տանջանքի,ամեն ինչ հոյակապ էր: Մութն արդեն ընկնում էր: Բոլորը անհամբեր սպասում էին, թե երբ են տուն հասնելու,որպեսզի ազատվեն այդ հաճելի հոգնածությունից: Ահա, այսպես ավարտվեց մեր հետաքրքիր և էմոցիաներով լի էքսկուրսիան:

Մենք մեկ անգամ ևս գիտակցեցինք վարժարանում մեր ստացած գիտելիքի ՝ «Ինչպես գործել չնախատեսված իրադրության պայմաններում» կարևորությունը»:

Էքսկուրսիան ծառայեց իր նպատակին: Այն ունեցավ ճանաչողական, ուսումնադաստիարակչական, հետազոտական բնույթ:

 

facebook like buttonрусскийрусскийрусскийрусскийрусскийрусскийрусский